Արարատ Միրզոյանը Հայաստան եկած ավստրիացի գործարարներին հավատացնում է՝ Հայաստանը ժողովրդավար է
«Մենք ցանկանում ենք կայուն ու խաղաղ Հարավային Կովկաս։ Շարունակելու ենք մեր նվիրումը Հայաստանին։ Հետաքրքրված ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»,-Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել այսօր աշխատանքային երկօրյա այցով։ Մինչ ասուլիսը կայացել է նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի ու Հակոբ Արշակյանի հետ։ Այսօր Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։ Վաղը նախատեսված է հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացում։
«Վստահ ենք՝ Հայաստանում մեծ ներուժ կա»,-ասաց Ալեքսանդր Շալենբերգը։
Նա վերջին անգամ Հայաստանում եղել է 2021-ի ամռանը։ Հիմա տրամադրության փոփոխություն է տեսնում։
«Ավելի խրախուսող է տրամադրությունը։ Ես համարում եմ, որ կա հեռանկար։ Պետք է աշխատենք լարվածությունը թուլացնելու, կայուն տարածաշրջան կառուցելու ուղղությամբ, օրինակ, գիտակից քայլեր են արվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»,-ասաց նա։
Ավստրիացի պաշտոնյան ասաց, իր հետ Հայաստան է եկել բիզնես պատվիրակություն, որում ընդգրկված են 21 ընկերությունների ներկայացուցիչներ։
Արարատ Միրզոյանը նրան հավատացրեց, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, ազատ ու մրցակցային շուկայական հարաբերություններ ունեցող երկիր է, անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ։
«Կարծում եմ, ավստրիացի գործարարների համար անհրաժեշտ պայմաններն ապահովված են իրենց հետաքրքրություններն իրականացնելու համար»,-ասաց Միրզոյանը։
Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիրը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը