Վանեցյան. Դուք ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի անաչառությունը
«Քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, որով ընդդիմությունը պետք է իրականացնի խորհրդարանական վերահսկողություն»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե իշխանությունն իսկապես ցանկություն ունի պարզել 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի ու արդյունքների վերաբերյալ իրականությունը, ապա կա լայն գործիքակազմ՝ դատախազություն, քննչական կոմիտե, որոնք ունեն լայն հնարավորություններ գործը քննելու և մեղավորներին պատժելու համար։
«Երբ իշխանութունն է ձևավորում քննիչ հանձնաժողով, և իշխանությանն առավոտից երկո պաշտպանող անձը հանդիսանում է քննիչ հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկվում է Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի ողջ ընթացքում կեղծ տեղեկություններ է մատուցել, դուք ո՞նց եք պատկերացնում այդ հանձնաժողովի անաչառությունը։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Քաղպայմանագրի պատգամավորներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մի անհարմար հարց տա։ Հիմա սրանք պետք է ամեն ինչ անեն, որ իրենք իրենց վրա դուրս չգան»,-նկատեց Վանեցյանը։
Այս առումով նա խորհրդային տարիների մի պատմություն է հիշեցնում։ Երբ մեկը գնում է դատախազի պաշտոնում ընդունվելու, ավագ գործընկերն ասում է. «Сынок, главное, в этом деле не выйти на самих себя…»։
Վանեցյանը հիշեցնում է՝ իշխանություններն ասում էին՝ հարուցված 1200 քրեական գործ կա, ի՞նչ եղավ դրանց ճակատագիրը։
«Ժողովուրդ, այդ մարդիկ արել են ամեն ինչ, անելու են ամեն ինչ, որպեսզի այս պատերազմի սկսման, ընթացքի ու արդյունքների վերաբերյալ իրական տեղեկություն չհայտնեն, քանի որ իրական տեղեկություններ հայտնելու դեպքում իրենցից շատ շատերը պետք է պատասխան տան»,-ասաց ընդդիմադիր գործիչը։