![](https://panorama.am/news_images/911/2732502_1/mfa_01_14_v1.thumb.jpg)
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Կոնգրեսում
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։
Արցախի ԱԳՆ հաղորդմամբ, նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։
Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։
Դավիթ Բաբայանը նաև ընդգծել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել ևս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Խոսելով Ամերիկայի հայկական համայնքի մասին՝ նախարարը նշել է, որ այն Սփյուռքի ամենակայացած և ուժեղ հատվածներից է։ Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը ամերիկահայերի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար։
Միջոցառման ընթացքում նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դատապարտման գործում՝ այն համարելով ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների օրինակելի դրսևորում։
Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)