Անհետ կորած զինվորի տատը ՊՆ դիմաց է. Պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած արմավիրցի զինծառայողի՝ Վահե Թորոսյանի հայրը, տատը, նրանց հարազատներն ու ընկերներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ դժգոհելով պետական մարմնինների անգործությունից։ Նրանք պահանջում են, որ նախարարությունը կատարի անհրաժեշտ քայլերը, գործողությունները, անտառից դուրս բերի վիրավոր տղային։ Վահեի հարազատները համոզված են՝ զինվորը ողջ է։
Մի քանի օր շարունակ իրենք իրենց ուժերով են որոնողական աշխատանքներ իրականացրել 101-րդ դիրքի հարակից անտառներում։
«Իմ պահանջը մեկն է, իմ երեխային տվեք ինձ։ Ինձ ասում են՝ Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ տանել, բանակցություններ են տարվում։ Սա պատասխան չէ, որ տալիս են 19 տարեկան զինվորի հորը։ Էդ բանակցությունները կարող է մի քանի տարի տևի»,-ասում է անհետ կորածի հայրը։
Նա ասում է, սեպտեմբերի 16-ից սկսած բախել են բոլոր դռները՝ ՊՆ-ի, Կարմիր Խաչի, մի քանի անգամ հասել են Սյունիք, զինվորականների ուղեկցությամբ մոտակա տարածքներում որոնել են որդուն։
Նրա բողոքին միացել են ընկերները, հարազատները։
«Արմավիրի Լուսագյուղի բնակիչները պատրաստ են նույնիսկ ճանապարհը փակել, ամեն բան անել, որ գտնեն, բերեն մեր երեխուն։ Գիտենք, որ երեխեն մի քանի տեղից վիրավոր է։ Մայրն ասում է, իմ տղեն կդիմանա՞։ Ասում եմ, բա ոնց չի դիմանա»,-ասում է հարևանուհին՝ Ռուզաննա Կարապետյանը։
Նա պատմում է, որ զինվորը մոր հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 15-ին, ասել է՝ «Մամ, հըլը լսի...», ու զանգն ընդհատվել է։
Կարեն Կիրակոսյանը, որ մասնակցել է որոնողական աշխատանքերին, համոզված է՝ բավարար մակարդակով աշխատանքեր չեն իրականցվում մանկության ընկերոջ որդուն՝ Վահեին գտնելու համար։
«Ավելի քան 20 օր է անցել։ Ոչ մեկ չի հետաքրքրվում։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 15-ին։ Դրանից հետո որևէ լուր չունենք։ 4-5 անգամ գնացել են Կապան, քանի օր մնացել, ոչ մեկ չի հետաքրքրվում, թույլ չեն տալիս այդ գոտի մտնել։ Ես պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին»,-ասում է տատը։
«Այդ երեխան միայն իրենցը չէ, մերն էլ է։ Սուրեն Պապիկյան, հե՞շտ է այս ամենը»,-ասում է ակցիայի մասնակից հարևանուհին։
Վահեի հայրը։
Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի հրապարակած հայտարարության համաձայն, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:
Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Հայ գերիներին Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել. Քրիստիննե Գրիգորյան
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել շինարարական տեխնիկայի ուղղությամբ
- Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում
- Դրվագներ՝ հայ զինծառայողների գործած սխրանքներից
- Պատերազմում անմահացածները. Կարեն Գասպարյան, Շավարշ Մարգարյան
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով