Ի՞նչ է արվելու Վրաստանից հետ ուղարկված 200 կգ ձկնկիթը
Վրաստանի «Սադախլո» մաքսային անցակետում արգելել են Հայաստանից բերված 200 կգ ձկնկիթի մուտքը։ Ըստ տարածված տեղեկատվության, աշխատակիցները հայտնաբերել են, որ բեռի փոխադրման ընթացքում խախտվել է ջերմային ռեժիմը։ Բեռը վերադարձվել է արտահանող երկիր։
Որտե՞ղ է գտնվում ջերմային ոչ նորմալ ռեժիմում պահպանված ձկնկիթը, ի՞նչ է արվում, որ այն չհայտնվի խանութներում։
Panorama.am-ի այս հարցերին ի պատասխան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հատնեցին, որ Հայաստանի սահմանը հատելիս ձկնկիթը պահպանվել է ջերմային նորմալ ռեժիմում։
«Հետագայում մեքենայի անսարքության կամ մեզ անհայտ այլ պատճառով խախտվել է մեքենայի ջերմային ռեժիմը: Ձկնկիթով մեքենան վերադարձել է Հայաստան, այն այժմ գտնվում է մաքսային տերմինալում։ Ձկնկիթից կատարվել է նմուշառում, ուղարկվել մանրէաբանական փորձաքննության»,-ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե փորձաքննության արդյունքները նորմալ կլինեն, ապա բեռը կվերադարձվի տնտեսվարողին, եթե հայտնաբերվեն խախտումներ կամ շեղումներ, ապա կտրվի ոչնչացման կամ օգտահանման մասին կարգադրագիր։