![](https://panorama.am/news_images/930/2789253_1/1200x_1.thumb.jpg)
Սենատոր Մենենդեսն ընդդեմ ԱՄՆ առևտրի նախարարության՝ դեպի Ադրբեջան մահաբեր զենքի արտահանման արտոնության
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը այսօր նամակ է հղել առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին, ուր կտրուկ դեմ է հանդես եկել առևտրի նախարարության ակնհայտ ծրագրերին՝ դեպի Ադրբեջան հրացանների արտահանման թույլատրման արտոնություն տրամադրելու մասին, ներառյալ գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ զինատեսակներ:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, նամակում սենատորը մատնանշել է հայկական կողմի դեմ Ադրբեջանի գործողությունները, ներառյալ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, 2022 թվականի հարձակումը Հայաստանի սահմանների երկայնքով, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը:
Մենենդեսը քարտուղար Ռայմոնդոյին հորդորել է ոչ մի տեսակի մահաբեր զենք չուղարկել Ադրբեջանում որևէ անձանց կամ կազմակերպություններին:
«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների համատարած խախտումներ իր երկրում, համահունչ չէ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վարչակազմի հանձնառությանը», - գրել է Մենենդեսը: «Ես կտրականապես դեմ եմ Ադրբեջան ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն»:
Անհապաղ պատասխան և երաշխիքներ պահանջելով քարտուղար Ռայմոնդոյից, որ ԱՄՆ-ի զենքերը չեն օգտագործվում Ադրբեջանի կողմից հայերի դեմ հնարավոր նոր բռնություններ իրականացնելու համար և չեն տրամադրվելու ռազմական, անվտանգության կամ կիսառազմական պետական ուժերին, սենատոր Մենենդեսը նաև հետաքրքրվել է, թե որքանով է Առևտրի նախարարությունը խորհրդակցել ԱՄՆ պետքարտուղարության հետ՝ Ադրբեջանին արտահանման լիցենզիա տրամադրելու հարցում։
«Այս արտահանման լիցենզիայի դիտարկումը ավելի է խորացնում իմ անհանգստությունը, որ վարչակազմը շարունակում է թույլատրել հարձակողական ոճի և դիպուկահար հրացանների արտահանումը արտերկիր, նույնիսկ եթե պաշտպանում է գրոհային զինատեսակների արգելքը երկրի ներսում, և խորացնում է իմ վերապահումները առևտրի նախարարության իրավասության վերաբերյալ նման արտահանումների հարցում։
Ինչպես գիտեք, իմ խորին համոզմունքն է, որ նման իրավասությունը պետք է վերադարձվի պետքարտուղարությանը, որպեսզի ապահովվի համապատասխան արտաքին քաղաքական առանձնահատկությունները, որոնք անբաժանելի են նման որոշումների հաշվին»:- հավելել է սենատոր Մենենդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)