Բոռելիի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ