Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է 1 մլրդ 205 մլն դրամ
Ապրիլին Երևանում կայացած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 205 մլն դրամ։ Panorama.am-գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ»,-ասել էր Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ու նշել, որ Հայաստանը նաև աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու հավակնորդներից է։ Նման գումարներով միջոցառման կազմակերպման համար Արայիկ Հարությունյանին և Կարեն Գիլոյանին Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները հուշամեդալների են արժանացրել։
Առաջնության ավարտից հետո Panorama.am-ը հարցեր էր ուղղել նախարարությանը՝ հստակեցնելու, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել, ո՞րն է նման ճոխության իմաստն ու նպատակը։
Panorama.am-Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար որքա՞ն գումար ծախսվեց։ Ընդհանուր գումարից որքա՞նն է հատկացրել հայկական կողմը։ Խնդրում ենք մանրամասնել ֆինանսավորման բոլոր աղբյուրները։
ԿԳՄՍՆ-Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի ապրիլին Երևանում կայացած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 20.03.2023թ կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» № ՍՊԾԵ 82-2023 պայմանագիրը, որի գումարը կազմել է 44599,5 հազար (քառասուն չորս միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր) դրամ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 373 -Ն որոշումը՝ կնքվել է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ № 01 2023 թվականի մարտի 29-ին «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» № ՍՊԾԵ 82-2023 պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Նշված պայմանագիրը հասանելի է նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/3HvvWYS հղմամբ:
Տեղեկացնենք նաև, որ Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն: Ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև 09.03.2023թ կնքվել է թիվ «ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-23/1-1» ծածկագրով պայմանագիրը, որի գումարը կազմել է 1160000000 (մեկ միլիարդ մեկ հարյուր վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:
Նշված պայմանագիրը ևս հասանելի է նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/news/15712 հղմամբ:
Panorama.am- Առաջնության քանի՞ տոմս է վաճառվել, որքա՞ն կազմում վաճառված տոմսերի ընդհանուր գումարը։
ԿԳՄՍՆ -Նշենք նաև, որ առաջնության տոմսերի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացրել է «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն:
Panorama.am-Հայկական կողմն ի՞նչ խնդիր էր դրել իր առջև նման ծավալի ու շքեղ առաջնություն կազմակերպելով։
ԿԳՄՍՆ-Առաջնության անցկացմամբ Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու, ինչպես նաև հայ մարզիկներին իրենց իսկ երկրում նմանօրինակ մեծամասշտաբ առաջնության մասնակցելու հնարավորություն ընձեռելու խնդիր էր դրված:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պարգևատրել է Երևանում անցկացված Ծանրամարտի ԵԱ-ում հաղթած թուրք մարզիկներին
- Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է
- Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ․ Կոչուբաև
- Բաբկեն Պիպոյան. Ո՞վ էր ստիպել «բալ-մասկարադ» խաղալ