Ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիա նվազել է, իսկ մեղավորն ընդդիմությունն է․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «NTV»-ին տված հարցազրուցի ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել է նաև Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվի նվազմանը։
Մանավորապես նշել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին հանգստանում էին Անթալիայում, իսկ այս տարի չեն հանգստանում, և դրանում ընդդիմությունն է մեղավոր, փոխանցում է Էրմենիհաբերը։
Չավուշօղլուի գնահատմամբ՝ ռուսների վրա բացասական ազդեցություն է թողել ընդդիմության հետևյալ անպատասխանատու հայտարարությունը՝ «Եթե մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում ընտրվենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառենք»։
Եվ ըստ այդմ՝ ռուսները վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ հնարավոր է ինքնաթիռների թռիչքներ չեղարկվեն։
Չավուշօղլուն նաև նշել է, որ նույնիսկ Covid-19-ի ժամանակ Անթալիայում նկատվում էր զբոսաշրջիկների թվի մեծ աճ։
Արտգործնախարարը նաև հավելել է, որ ռուսների փոխարեն աճել է Անթալիայում հանգստացող այլ օտարկերկրացի զբոսաշրջիկների թիվը։ Ծովափնյա հանգստի նպատակով գալիս են Բրիտանիայից, Թայվանից, Ծոցի երկրներից։ Օրինակ՝ 2022-ին բրիտանացիներն Անթալիայում հանգստացողների թվում զբացողնում էին 3-րդ տեղը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են համապետական ընտրություններ։