![](https://panorama.am/news_images/951/2851306_1/340638334_1497142640810025_7541225258496829293_n_v1.thumb.jpg)
Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ.
«Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:
Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ականանետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)