Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան
«Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում»,- «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,- ասել է նա:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշել է երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը: «Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»:
Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ինտենսիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում։
«Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- նշել է նա։
Նա նաև ասել է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։