Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշելով․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:
Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին։ «Անկլավներ և էքսկլավներ հանդիսացող գյուղերի վերաբերյալ» Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Ադրբեջանը օկուպացված է պահում 31 գյուղեր, քաղաքական մանիպուլյացիայի մաս է։ Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի վարչապետին, ով իր նախորդ հայտարարություններում ասում էր, որ այդպիսի գյուղերը 32-ն են՝ այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել 8 գյուղեր»»,- ասված է հայտարարությունում։