Մահացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մարդ-դարաշրջան: Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի պետական գործիչ: Մեծ հոգու տեր մարդ»,- գրել է նա Թելեգրամում
Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։