Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի՞ Սենատում. Կան ընդդիմադիրներ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, թե նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրած Ֆրենսիս Ռիկարդոնեի (Francis Ricciardone) թեկնածության հարցը կքննարկվի երեքշաբթի, հուլիսի 20-ին: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ամերիկա-թուրքական ներկայիս շրջադարձային հարաբերությունների ֆոնին Ռիկադոնեի թեկնածության հաստատման գործընթացը Հանձնաժողովի կողմից շատ էական է ու կարևոր»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նկատենք, որ Ֆրենսիս Ռիկարդոենի թեկնածության առաջադրման մասին նախագահ Օբաման հայտարարել է հուլիսի 1-ին:
Ռիկարդոնեի թեկնածության առաջադրումից մինչև Սենատում այդ հարցի քննարկման միջև ընկած քիչ ժամանակահատվածը` երկու շաբաթ, ըստ ANCA-ի, ցույց է տալիս, որ Սպիտակ տունը փորձում է արագացնել նշանակման գործընթացը:
ANCA-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի թեկնածությունը դեռևս չի քննարկվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: ԱՄՆ նախագահը Բրայզային այդ պաշտոնում որպես թեկնածու առաջադրել է մայիսի 25-ին:
Ըստ ANCA-ի` որոշ նոր պահպանողականներ արդեն իսկ իրենց մտահոգությունն արտահայտել են Ռիկարդոենի թեկնածության վերաբերյալ` նշելով, որ որպես Եգիպտոսում Բուշի նշանակած ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հատկապես նոր պահպանողականների հանդեպ քննադատաբար է հանդես եկել: Այդ իսկ պատճառով էլ նոր պահպանողականները դիմում են ամեն քայլի, որպեսզի խոչընդոտեն նրա թեկնածության հաստատմանը:
Որպես դիվանագետ Ռիկարդոնեն աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Եգիպտոսում ու Ֆիլիպիններում, ինչպես նաև երկու անգամ եղել է Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնողի փոխարինող: Խոսում է թուրքերեն և այլ լեզուներով:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա կփոխարինի այժմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիսին, որի թեկնածությունն ԱՄՆ նախագահը առաջադրել է Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածության հաստատումը նունյպես լինելու է երեքշաբթի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը