Երևանում բացվեց Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը
Այսօրվանից Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հարևանությամբ գտնվող «Մելոման» ակումբի (Իսահակյան 38) ճակատային մասը զարդարված է ռուս հանրահայտ գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակով:
Հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից:
Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազգային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը: Բացման արարողությանը ներկա էին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, մշակութային, հասարակական գործիչներ:
Հարթաքանդակը բացեցին Արև Սամուելյանը և Վ. Սավինիխը:
Վիկտոր Սավինիխն ասաց, որ Վադիմիր Վիսոցկու քանդակը բացվում է Երևանի հիանալի վայրերից մեկում ու այն կզարդարի այս քաղաքը: Նա հույս հայտնեց, որ մարդիկ կիթառով կգան այստեղ, կնստեն և կերգեն:
Հարթաքանդակի բացման արարողությունից հետո Գաֆէսճեան քանդակների պարտեզում սկսվեց Վ. Վիսոցկուն նվիրված բացօթյա համերգ:
Հարթաքանդակի մոդելավորման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Ստեղծագործության հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը:
Հարթաքանդակը շրջանաձև է (50 սմ տրամագծով): Հարթաքանդակի պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը, որը պատրաստված է անձամբ տիկին Ժուրավլյովայի ձեռքով:
Վլադիմիր Վիսսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում։ 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին