ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը այսօր կայացած նիստում վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը: Որոշումն ընդունվել է միաձայն` 140 կողմ ձայներով: Այս մասին տեղեկացնում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը:
«Սույն համաձայնագրի վավերացումը իրապես պատմական պահ է»,- նման տեսակետ է հայտնել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Հաղորդվում է, որ պայմանագիրը ներառում է ԵՏՄ կառուցվածքի, կազմակերպչական հարցերի, բյուջեի, ինչպես նաև համատեղ տնտեսական քաղաքականության անցկացման մասին դրույթներ:
Մասնավորապես` պայմանագրով նախատեսված է, որ միության բյուջեն կուտակվելու է անդամ երկրների հատկացումների հաշվին` արտահայտված ռուսական ռուբլով: Փաստաթուղթը դրույթներ է պարունակում մաքսային և տեխնիկական կարգավորումների, արտաքին առևտրի և ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմների մասին: Առանձին դրույթներ նվիրված են համաձայնեցված մակրոտնտեսական, արժութային քաղաքականության իրականացմանը, ֆինանսական շուկաների կարգավորմանը, գազի, նավթի և նավթամթերքների միասնկան շուկայի ձևավորմանը:
Միության աշխատանքային լեզուն լինելու է ռուսերեն, ենթադրվում է, որ Եվրասիական հանձանժողովի կենտրոնակայանը կգտնվի Մոսկվայում, Դատական մարմինը` Մինսկում, իսկ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը` Ալմա-Աթայում:
Պայմանագրում նաև ամրագրված է, որ միությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող երկրների համար, որոնք կիսում են տնտեսական միության հիմնարար սկզբունքները և արժեքները: Փաստաթղթով նաև նախատեսվում է 10 տարի ժամկետ` անդամ երկրների համար պայմանագրի դրույթների` ազգային օրենսդրություններին համապատասախանեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ