«Մարդկանց խոսքի ազատությունից չի կարելի զրկել». ԱԺ նախագահը հակադարձեց Վարդան Այվազյանին
Այսօր ԱԺ-ում քվերակության դրվեց կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում և դրան կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը:
Մինչ քվերակությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել էր 3 առաջարկություն, որոնցից 2,5-ն, սկզբունքորեն ընդունված են: Նա նաև ասաց, որ երեկ իրենք հանդիպումներ են ունեցել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ և կա կոնսեսուս, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն կողմ կքվերակի օրենքին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ իրենք հանդիպել են ՓՄՁ ներկայացուցիչների հետ և իրենց հորդորով են կողմ քվեարկում այս օրինագծին, որը միանշանակ բավարարում է նրանց պահանջները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Կառավարության կողմից բերվել է բավականին ճկուն մի տարբերակ, որ մեծամասնության համար ընդունելի է: Բայց չփաստաթղթավորված ծավալների համար նախատեսվում է 5 տոկոսի բարձրացում: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը նախատեսում է հարկային դրույքաչափի բարձրացում ՓՄՁ-ների որոշ հատվածի համար»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ դեմ է քվեարկելու, քանի որ իր առաջարկությունների վերաբերյալ ինքն որևէ տեղեկություն չունի: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու. «Ըստ էության նախագծի հիմքում ընկած էր ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այս նախագծում մենք չենք տեսնում նման բան»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կմնան, քանի որ հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր մտահոգություն են հայտնել, որ կսկսվեն ստուգումներ:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ ինքը կողմ է. «ՓՄՁ-ները պետք է հասկանան, որ եթե դնում են 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում: Վերաբաշխում ենք հիմա»:
Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց, թե նորից քննարկման են գնում, դիմեց ԱԺ նախագահին. «Խնդրում եմ, դրեք քվեարկության»:
Գալուստ Սահակյանն էլ ասաց. «Մարդկանց խոսքի ազատությունից չի կարելի զրկել»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ պետք է կողմ քվեարկել, որովհետև հազվագույտ դեպքերից է, որ օրենքում կա հստակ բարելավում ի նպաստ գործարարի:
Օրինագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ անցավ՝ 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկության դրվեց նաև կառավարութայն կողմից ներկայացված «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 10:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ