Արայիկ Հարությունյանը սահմանամերձ գյուղերում ծանոթացել է տնտեսական խոշոր ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ տեղում տալով համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:
Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Մատաղիսում շվեյցարահայ գործարարի միջոցներով կառուցվող՝ սև խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, որտեղ ձկնկիթի առաջին խմբաքանակն ընդունելու համար վերջին աշխատանքներն են կատարվում:
«Շուտով կմեկնարկի Արցախի տնտեսության հավակնոտ ծրագրերից մեկը, որն ընդգրկելու է տասնյակ միլիարդավոր դրամ ներդրումներ: Հատկանշական է, որ նմանատիպ խոշոր ծրագիրը կառավարության աջակցությամբ իրագործվում է սահմանամերձ բնակավայրում՝ խթանելով շրջակա գյուղերի արագ և կայուն զարգացումը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Վարչապետին ուղեկցում էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ