Ներկա վարչապետին դուր եկավ նախկին վարչապետի առաջարկը
21-րդ դարի երկրորդ տասնամյակը համաշխարհային տնտեսության աճի համար նպաստավոր է լինելու: Այս մասին այսօր «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքերով՝ փորձը ցույց է տալիս, որ նախորդ տասնամյակում միջին տարեկան տնտեսական աճն ավելի էր, քան 20-րդ դարի վերջին տասնամյակում:
«Սա նրա համար եմ ասում, որ վերջին շրջանում անընդհատ կառավարությունից բողոքում են՝ վիճակը վատ է, վատ, բողոքում է, թե վատացող միջավայրում է աշխատում, բայց իրականում լավացող միջավայրում են աշխատում»,- ասաց Հ.Բագրատյանը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ նշեց, որ այն ստեղծելուց հետո են միայն մտածում՝ ինչ անել: Ըստ Բագրատյանի՝ իրականում ԵՏՄ անդամ երկրները բնական առևտրային գործընկերներ չեն:
«Պարզ էր, որ այն չի ստեղծվել Մաքսային միության վրա: Ռուսաստանը իրավիճակից դուրս գալու և տնտեսական դրական աճ գրանցելու համար պետք է փորձի օգտագործել իր աշխարհագրական դիրքը ու կամուրջ լինի Արևմտյան Եվրապայի և Արևելքի միջև»,- ընդծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Հայաստանի առավելություններին, Հ.Բագրատյանն ասաց, որ տնտեսությունում որոշակի դինամիկա կա, որոշակի առավելություններ կան, սակայն պետք է խուսափել տնտեսության զարգացման առանձին դիրքերի խրախուսումից:
«Չի կարելի խրախուսել առանձին բիզնեսներ, առնվազն պետք է խրախուսել առանձին ոլորտներ: Բացի այդ, պետք է լուրջ բարեփոխում իրականացնել, մասնավորապես, ԱԱՀ-ից պետք է անցնեք շրջանառության հարկի, քանի որ դա արդեն թույլ կտա խրախուսել առանձին ոլորտներ: Եթե շարունակեք խրախուսել առաձին բիզնեսներ, ապա ցանկացած «ա» բիզնես խրախուսելը նշանակում է սահմանափակել «բ» և «գ» բիզնեսների զարգացումը»,- ասաց Հ.Բագրատյանը:
Համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց Հ.Բագրատյանի առաջարկի մասին: Նա նախ կարևորեց նախկին վարչապետերի՝ Խոսրով Հարությունյանի և Հրանտ Բագրատյանը մասնակցությունը համաժողովին, այնուհետև անդրադառնալով Բագրատյանի առաջարկին՝ ասաց. «Հրանտ Բագրատյանի առաջարկը`ԱԱՀ-ից անցնել շրջանառության հարկի, համարձակ է, այնպես, ինչպես նրա բնավորությունն է, սակայն դա մեծ խթան կարող է հանդիսանալ տնտեսության զարգացման համար: Համարձակ քայլ է, ռիսկային է, սակայն սա պետք է քննարկենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ