Չինաստանի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի և կառավարության անդամների Չինաստան կատարած այցի արդյունքներին` նշեց, որ չինական կողմը հետաքրքրված է Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման հարցով, թերթավոր ապակու արտադրության, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման, զբոսաշրջության, ավիացիայի, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերով:
«Հիմա այն փուլն էր, որ պետք է ավելի կոնկրետ որոշում կայացվեր: Իմ նամակից հետո չինական կողմը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնք հետաքրքրված են այդ ոլորտներով: Մենք համապատասխան հրավերներն ենք ուղարկել այդ ընկերություններին և սպասում ենք նրանց այցին»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Անդրադառնալով Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման հարցով Չինաստանի հետաքրքրությանը, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Չինաստանի վարչապետը կոմերցիայի գծով փոխնախարարին ու Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահին հանձնարարել է կոորդինացնել այս աշխատանքները, հայկական կողմի հետ համաձայնեցնելով հարցերը` շարժվեն առաջ, ուսումնասիրեն տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալները, որոնք կարող են տեղափոխվել այդ երկաթուղու միջոցով:
«Միաժամանակ նշվեց, որ սա «Մետաքսի մեծ ճանապարհի» հիմնական և կոնկրետ՝ պատմական հատվածն է: Իրան-Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»,- նշեց նա:
Հարցին, թե կոնկրետ ժամկետներ նշվե՞լ են չինական կողմից, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ տեխնիկա-տնտեսական հիմնավորման ու շահութաբերության գնահատման վերաբերյալ աշխատանքների ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: «Եթե գտնի, որ այն շահութաբեր է, ապա Չինաստանը երկաթուղու կառուցումը կսկսի ֆինանսավորել»,- ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշեց նաև, որ երկաթուղու հայկական կողմի հատվածի շինարարության համար անհրաժեշտ է 3. 2 մլրդ դոլար: