Դոլարով վարկ վերցրած քաղաքացիների համար 2016 թ բյուջեով փոխհատուցում նախատեսված չէ. Պավել Սաֆարյան
Ազգային ժողովում այսօր ՀՀ կենտրոնական բանկի 2015թ-ի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ քննարկման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ հարցրեց, թե ով է պատասխանատվություն կրելու դոլարով վարկ վերցրած քաղաքացիների համար, արդյոք նախատեսվելու է փոխհատուցում:
«2014թ-ի դեկտեմբերին ՀՀ քաղաքացին դոլարով վարկ է վերցրել՝ 1 դոլարի դիմաց 410 դրամ, սակայն կոլապսային իրավիճակից հետո վարկը դարձել է 480 դրամ, այսինքն` քաղաքացին ամեն ամիս 1000 դոլարի համար ամսական 49 հազար դրամ ավելի է վճարում: Ներսես Երիցյանն ասաց, որ աջակցում են, և այդ դժվարությունները կիսել են քաղաքացու և բանկերի մեջ, բայց ես ասում եմ, բանկի վրա ոչ մի կոպեկ մինուս չի մնացել: Դոլար-դրամ տարբերությունը ամբողջությամբ ընկավ այդ քաղաքացու վրա և ամեն ամիս այդ տարբերությունը տալիս է քաղաքացին», - ասաց Հ.Բիշարյանը:
Պավել Սաֆարյանն էլ ասաց, որ արտարժույթով վարկ վերցրած և տուժած քաղաքացիների վնասի փոխհատուցում 2016 թ բյուջեով նախատեսված չէ: «Նման հարց չի քննարկվել, բայց եթե լինեն նման առաջարկություններ, սիրով կքննարկենք և կունենանք վերջնական ձևավորված պատասխան»,-ասաց Պ. Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ