Տիկին Աուրելիան պաշտոնանկ չի արվի, բայց բացատրություն կտա. Մոլդովայի խորհրդարանի նախագահ
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը սխալմունք է որակել այդ երկրի խորհրդարանական փաստաբան (օմբուդսմեն) Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին Մոլդովայի ԱԺ խոսնակը հայտարարել է օմբուդսմենի հետ հանդիպումից հետո, փոխանցում է մոլդովական «Moldnews.md» գործակալությունը:
«Մենք չպետք է մեզ թույլ տանք այդպիսի հայտարարություններ, որոնք կասկածի տակ կդնեն Մոլդովայի իմիջը և այլ երկրների հետ հարաբերությունները: Դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հին հակամարտություն է, և նրանց երկուսի հետ էլ պետք է հաստատաել լավ հարաբերություններ: Պետք է խուսափել մեր հարաբերությունները փչացնող հայտարարություններից: Այդ պատճառով էլ ես խորհրդարանական փաստաբաններին ասացի բաց, որ դա սխալմունք է եղել, կոպիտ սխալ և նման բան չպետք է տեղի ունենար», -հայտարարել է խոսնակը:
Նրա խոսքով, տիկին Աուրելիան պետք է խորհրդարանական հանձնաժողովներին բացատրություններ տա, սակայն խոսք չի կարող գնալ նրա պաշտոնանկության մասին: «Տիկին Գրիգորիուն իր տեսակետը կհայտնի մամլո ասուլիսում», -հավելել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակը:
Հիշեցնենք` Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ունեցած ելույթում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, Հայաստանի խորհրդարանում հանդես էր եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ և նշել, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նաև ասել էր, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։
Կարդացեք նաև`
Մոլդովացի օմբուդսմենին ծանր օրեր են սպասվում. խորհրդարանում քննության առարկա կդարձնեն նրա հայտարարությունը
Հայաստանի օմբուդսմենը պատրաստվում է բողոքի նոտա հղել միջազգային կառույցներին
Մոլդովայի օմբուդսմենը նամակ է գրել ՀՀ օմբուդսմենին. «Հայտնում եմ իմ ափսոսանքը...»