ԻԻՀ նավթի նախարար. Միջազգային արբիտրաժային դատարանում Իրանը կհաղթի Թուրքիային
«Միջազգային արբիտրաժային դատարանում Իրանը կհաղթի Թուրքիային»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը վերջերս հաղորդել էր, որ իրանական գազի բարձր գնի և արտահանման ծավալների նվազման պատճառով Թուրքիան ընդդեմ Իրանի միջազգային արբիտրաժային դատարան բողոքի հայտ է ներկայացրել՝ պահանջելով 2,5 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Իրանի նավթի նախարարը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է. «Միջազգային դատարան թուրքերի ներկայացրած բողոքը Իրանի համար խնդիրներ չի ստեղծի, և ամենայն հավանականությամբ Իրանը կշահի դատը»:
Նշենք, որ Թուրքիան Իրանից հիմնականում ներկրում է գազ և նավթ. Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի: