Ոստիկանությունը պարզել է, որ 22-ամյա երիտասարդին դանակահարել է Օսիպյանը
Նուբարաշենում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանակահարել:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 22-ամյա Ս. Օ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Ոստիկանություն
Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Ինքը պատմության մեջ կա, բայց դանակահարողը չէ. Փոխոստիկանապետը` եղբոր որդու մասին