Հայաստանում աղջիկ երեխաներին դեռ չծնված սպանում են ամենաշատը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում տարեկան շուրջ 1500 սեռով պայմանավորված արհեստական ընդհատում է կատարվում, այսինքն այսքան աղջիկ երեխա մեր երկրում չի ծնվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ներկայացնելով կատարված հետազոտության տվյալները:
Ըստ նույն հետազոտության, Հայաստանում աղջիկ երեխաներին դեռ չծնված սպանում են ամենաշատը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում:
«Աշխարհում ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են գրանցվել` 124 տղա/100 աղջիկ հարաբերակցությամբ», -հավելեց Հայրապետյանը:
Տղա երեխաներին նախապատվությունը հայկական մենթալիտետի մաս է:
«Քանի դեռ ծուխը մարելու հոգեբանությունը կա, այս խնդիրը լինելու է շարունակական: Եթե հաշվի առնենք, որ սա դարերի խորքից եկած գործընթաց է, արժեհամակարգ է և տղայի մեջ տեսնելով իրենց տոհմի կրողին, այս խնդիրը մեզնից շատ ժամանակ կպահանջվի փոխելու իրավիճակը», -կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` նկատելով, որ մինչև դրան հասնելը կկորցնենք աղջիկներին:
Աշխարհում միակն ենք նաև 3-րդ երեխայի դեպքում. «Երրորդ երեխայի դեպքում, 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 160 տղա, սա կատաստրոֆիկ թիվ է»:
Այս իրավիճակը ստիպել է առողջապահության կազմակերպիչներին մշակել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: Ներկայումս դաշտը բաց է և որևէ սահմանափակում չկա սեռը հայտնելու առումով:
«Ինչու ենք ընտրել 30 շաբաթական ժամկետը, որովհետև մենք երբեմն ընդդիմախոսներն ասում են` իսկ կնոջ իրավունքը իր երեխայի սեռն իմանալու համար: Քանի որ մենք սեռն ասում ենք միայն նրա համար, որ նա պատրաստվի ծննդաբերությանը` գնել հագուստներ, սենյակ պատրաստել ևն, հետևաբար 30 շաբաթականը լրիվ բավարար է նրան, որ հետագա 10 շաբաթում նա պատրաստվի ծննդաբերությանը»,- բացատրեց Սարիբեկյանը:
Օրենքի նախագծով առաջարկվող 30 շաբաթական ժամկետը նաև հոգեբանական կողմ ունի. եթե մայրը շուրջ 15 շաբաթ զգացել է երեխայի խաղը, սրտի բաբախը, ապա նա դժվար թե դիմի հղիության արհեստական ընդհատման:
Օրենքի նախագիծը միանշանակ չի ընդունվել թե՛ օրենսդիրների, թե՛ հասարակության շրջանում: Կա մտավախություն, որ նման արգելանքի դեպքում բժիշկները կգործեն գաղտնի՝ ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ:
Սակայն Սարիբեկյանի խոսքով, ինչքան էլ կոռուպցիոն վտանգ լինի, միևնույն է դա համատարած չի լինի, քանի որ այժմ բժիշկներն էլ են այդ քայլին քիչ դիմում:
«Տասից մեկ բժիշկ կարող է դիմել այդ քայլին և դա շատ դրական է», -նկատեց տիկին Սարիբեկյանը:
Նախագիծն այժմ շրջանառության մեջ է դրվել, քննարկվել է և հունիսի վերջին կներկայացվի կառավարության դատին:
Հարակից հրապարակում`
Հայաստանում հնարավոր է արգելվի մինչև 30 շաբաթական ժամկետը իմանալ երեխայի սեռը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը