Սահմանադրական քննարկումներ. «Նախագահը պետք է լինի վերկուսակցական»
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Այդ մասին հուլիսի 25-ին Կապանում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը:
ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կապանում այս քննարկումների մարզային վերջին փուլն է տեղի ունեցել: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը:
Կուտոյանի խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:
Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը:
«Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա:
Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում: Վարդան Պողոսյանը պարզաբանել է նաև, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում:
«Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշել է հանձնաժողովի անդամը:
Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի. «Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը»:
Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշել է, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին:
«Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշել է Վարդան Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ