Սպանել է 58-ամյա Մանյակին և գողացել բջջային հեռախոս, 500 դրամ
Ոստիկանության Արմավիրի բաժին հուլիսի 26-ին գիշերը ներկայացել է մի մարդ և հայտնել, որ քույրը` 58-ամյա Մանյակ Հ.-ն, հեռախոսազանգերին չի պատասխանում և չի բացում տան դուռը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել էր Մ. Հ.-ի դիակը` խեղդամահ եղած վիճակում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանություն»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 26-ին, ժամը 15.20-ին, Ծառաշեն գյուղից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 32-ամյա, նախկինում դատապարտված Արման Ա.-ն:
Պարզվել է, որ նա հուլիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվել է Մ. Հ.-ի տանը, որտեղ շահադիտական նկատառումներով սկզբից ձեռքերով, այնուհետև` սավանով խեղդել և սպանել է կնոջը, որից հետո բնակարանից հափշտակել է «DVD» տիպի 3 ձայնագրիչ, 1 բջջային հեռախոս, սպորտային տաբատ և 500 դրամ:
Ըստ աղբյուրի, Արման Ա.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: