Արամ Օրբելյան. Հայաստանում բավականին զարգացած է քաղաքացիական ակտիվիզմը
«Չեմ կարող պնդել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացած չէ ընդհանրապես կամ մեծամասամբ: Քաղաքացիական հասարակության կայացումը կարող եմ հինգ բալանոց սանդղակով գնահատել 3,5-4՝ եթե վերցնենք միջին համաշխարհայինը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ծառայության փորձագետ Արամ Օրբելյանը:
Ըստ նրա, տարածաշրջանի երկրների համեմատությամբ, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումը մի քիչ ավելի բարձր է: Ա. Օրբելյանի կարծիքով, Հայաստանում բավականին զարգացած է քաղաքացիական ակտիվիզմը:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ «2013 թ. Հայաստանի ՔՀԿ կայունության ցուցանիշը» զեկույցի շնորհանդեսը:
Փորձագետը նշեց, որ 2013 թ. լայնորեն քննարկվել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հայեցակարգը: Հայեցակարգի ուշադրության կենտրոնում ՔՀԿ-ների իրավական միջավայրի բարելավումն է: Հայեցակարգն առաջարկում է նաև կանոնակարգել նպատակային դրամագլխի միջոցով ֆինանսավորման հնարավորությունները, վերացնել ՔՀԿ-ների իրավական ձևերը և ավելացնել թափանցիկության մեխանիզմները: Նախատեսվում է, որ այս տարի կառավարությունը կհաստատի հայցակարգը, որից հետո համապատասխան օրենսդրական նախագծեր կմշակվեն և կներկայացվեն խորհրդարանի օրակարգ:
Ա. Օրբելյանի խոսքով, չի կարելի պնդել, որ օրենսդրությունը էականորեն խոչընդոտում է ՔՀԿ-ների զարգացմանը, բայց որոշակի փոփոխությունները, նոր ինստիտուտների ներդրումը կարող են հետագայում աջակցել ՔՀԿ-երի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին