Համերգների կազմակերպիչները հրաժարվել են վճարել հեղինակային հոնորարներ. տուժողները դիմել են ոստիկանություն
Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությանների պատճառով տուժում են ստեղծագործողները, գյուտարարները: Նման դեպքերում նրանք զրկվում են իրենց իրավունքների համար համապատասխան վարձատրություն ստանալու հնարավորությունից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ըստ նրա, մտավոր սեփականության ոլորտում պատասխանատվություն նախատեսված է հիմնականում երեք տիպի օբյեկտների ապօրինի օգտագործման համար՝ հեղինակային և հարակից իրավունքները խախտելը, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, արտոնագրային իրավունքը խախտելը:
Արթուր Վարդերեսյանը նշեց, որ վերջին չորս տարում ոստիկանությունը բացահայտել է շուրջ 75 դեպք, որից 49-ը դեպքը վերաբերել է հեղինակային և հարակից իրավունքների խախտումներն, 22-ը՝ ապրանքային նշանների, 4-ը՝ արտոնագրային իրավունքի:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է ապրանքային նշանն ապօրինի օգտագործման 9 դեպք, հեղինակային և հարակից իրավունքների խախտման 5 դեպք: Նախորդ տարվա համեմատ, ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերն այս տարի աճել են, հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպքերը՝ նվազել:
Հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպքերը վերաբերում են հետևյալ բնագավառների. կեղծ ծրագրերի ապօրինի օգտագործում, մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն, քանի որ արձանագրել է, որ համակարգիչներ վաճառող ընկերությունները բեռնում են կեղծ ծրագրեր ու վաճառում: Մյուս բնագավառը վերաբերում է կաբելային օպերատորների կողմից հեռուստաալիքների վերահեռարձակմանը՝ առանց թույլտվության:
Արձանագրվել է նաև կեղծ գրքերի կամ հրատարակչական օբյեկտների շրջանառություն. մի քանի խոշոր հրատարակչություններ դիմել են ոստիկանություն այն պնդմամբ, որ Հայաստանի տարբեր գրախանութներում վաճառվում են կեղծ գրքեր, որոնք արտատպված են բնօրինակ գրքից, այսպիսով խոչընդոտում են օրինական տնտեսական գործունեությանը և պատճառում են խոշոր վնաս: Ոստիկանություն դիմում են անհատներ, ովքեր իրենց միջոցներով հրատարակել են տվել իրենց գիքերը, սակայն տարբեր անձանց կողմից պատճանահանվել են ու վաճառվում են:
Արթուր Վարդերեսյանը նաև ասաց, որ խախտումներ են արձանագրվել համերգային միջոցառումների կազմակերպման բնագավառում: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը զբաղվում է համերգային գործունեությամբ, կառավարության որոշմամբ պարտավոր է հեղինակների կամ նրանց իրավունքները կառավարող կազմակերպությունների հետ կնքել պայմանագիր և համերգային միջոցառման արդյունքում ստացված հասույթից վճարել հեղինակային հոնորարներ: Նման պայմանների չիրականացումը բերում է հեղինակային իրավունքի խախտման:
Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը նշեց, այս ոլորտում արձանագրված հանցագործությունների դեպքում քրեական գործեր կարելի է հարուցել միայն այն դեպքերում, եթե կան տուժողների բողոքներ: Լինում են դեպքեր, երբ տուժողները չեն բողոքում՝ փորձելով այլ եղանակներով պաշտպանել իրենց իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին