«Կանխատեսելի է, որ ինչ-որ կետից «ՀԽ» անդամներին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու են». Փաստաբան
«Քրեական գործով այս պահին չկա որևէ նյութ, որը տրամաբանորեն հիմք տա ասելու, որ նրանք նախապատրաստվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Զաքարյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործին:
Ըստ նրա, ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար լավագույն գործիքը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածն է `զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
«Ակնհայտ է, իշխանություններն այս քայլին գնացին, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հնարավորություն չտան իրականացնել միջոցառումներ, որոնց ընթացքում իրենց խիստ, բացասական դիրքորոշումը հայտնեն իշխանության գործունեության վերաբերյալ: Միակ պատճառը սա է, որևէ այլ տրամաբանություն չկա»,- ասաց Ա. Զաքարյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության)։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ապրիլի 10-ին ընտրվել էր կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Փաստաբան, Տ. Եգորյանն էլ հիշեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը նմանատիպ հետապնդման արդեն իսկ ենթարկվել է, որի կապակցությամբ գոյություն ունի ՄԻԵԴ որոշումը: Նա հայտնեց, որ արդեն պատրաստել են վերաքննիչ բողոքները, միաժամանակ հավելեց՝ «քիչ հույսեր կան, որ վերաքննիչ դատարանի որոշումներն արդեն պատրաստ չեն»:
Ասուլիսին ներկա փաստաբան Լուսինե Հակոբյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանն արդեն 10 տարի է թիրախավորված է, նրա նկատմամբ քրեական հեապնդում է իրականացվում 2006 թվականից: Նրա կարծիքով, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին առաջադրված մեղադրանքը հնարավոր չի լինելու պաշտպանել և ինչ-որ կետից, կարելի է կանխատեսել, որ այդ մեղադրանքից իշխանությունները հրաժարվելու են, ինչպես եղավ 2006 թվականից, երբ հրաժարվեցին Քրեական օրենքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից՝ «սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված գործողություններ և կոչեր»: