«Լրագրողների նկատմամբ բռնությունների լուծումը պետք է լինի հասարակության աղմուկը»
Կայունություն է նկատվում, լրագրողների նկատմամբ բռնությունների աճ կամ նվազում տեղի չի ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանն՝ անդրադառնալով «Freedom House» կազմակերպության 2014 թվականի մամուլի ազատության զեկույցին:
Նա ընդգծեց նաև, որ միևնույն ժամանակ որևէ քայլ կամ առաջընթաց բռնությունները իրավական դաշտ բերելու և պատասխանատվության ենթարկելու առումով չի կատարվել:
«Հայաստանն այդ զեկույցում գտնվել է անազատների շարքում: 2014 թվականին մամուլի ազատության խոչընդոտների բացասական դեպքեր գրանցվեցին, ինչպիսին ՀՀ դատախազության որոշումն էր, որի համաձայն` լրագրողները պարտավոր էին իրենց աղբյուրները բացահայտել: Այդ քայլերը պատճառ են դառնում միջազգային կառույցների նման բացասական կարծիքի համար»,- նշեց Դոյդոյանը:
Քննարկմանը ներկա «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանի կարծիքով էլ, խոսքի ազատության առումով մոնոտոն իրավիճակ է. «Կարծես, հարմարվել ենք հեռուստաընկերությունների վարած քաղաքականությանը՝ ուղղակիորեն վերահսկվող իրավիճակին: Ի տարբերություն հեռուստաընկերությունների` ազատ, անկաշկանդ խոսքն արտահայտող կայքերի նկատմամբ նույնպես վերջին շրջանում վերահսկողության փորձ է արվում»:
Նա նկատեց, որ լրագրողների նկատմամբ բռնությունների լուծումը պետք է լինի հասարակության աղմուկը:
«Մենք ունենք այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք իսկապես ազատ են իրենց լրատավական քաղաքականության մեջ, սակայն Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը մնում են անազատ»,-նշեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին