Հանձնվելո՞ւ է արդյոք Պերմյակովը հայկական կողմին. Հարցեր Սաքունցից
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործը հայկական կողմին փոխանցելու մասին պաշտոնական հայտարարությունները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի մոտ բազմաթիվ հարցեր են առաջացրել:
Նախ, նրա խոսքով, հայկական կողմը ծանոթ չէ քրեական գործերի նյութերին, որը նախապատրաստել են ռուս իրավապահները, հետո ամենագլխավոր հարցը` արդյոք հանձնվելո՞ւ է հայկական կողմին Պերմյակովը:
«Մեր հիմնական պահանջը եղել է Պերմյակովի փոխանցումը հայկական կողմին: Հիմա հայտարարում են, որ հայկական կողմին հանձնելու են քրեական գործը, իսկ դա ի՞նչ է նշանակում, արդյոք մեզ հանձնվելո՞ւ է Պերմյակովը: Մեզ հանձնում են գործի նյութերը, թուղթ են տալիս մեզ, սա աղճատում է հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սաքունցը:
Մյուս հարցը, որ տանջում է իրավապաշտպանին, այն է, որ եթե այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում հայկական կողմն անհրաժեշտ համարեց հարցաքննել ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարին, որը դեպքից հետո պաշտոնազուրկ էր եղել, կտրվի՞ հնարավորություն, կամ հնարավոր կլինի՞ հարցաքննել նաև Պերմյակովի ծառայակիցներին, առերեսումներ կատարել նրանց հետ: Բացի այդ, Սաքունցը հարցնում է, թե ո՞վ կամ ո՞ր մարմինն է Պերմյակովին բերելու դատական նիստերին, կամ որ դատարանում է քննվելու գործը, որտե՞ղ է պահվելու Պերմյակովը:
«Այս բոլոր հարցերը մնում են մեր օրակարգում: Դրանք լուծված կարող էին լինել, եթե ավելի վաղ իրավական ընթացակարգը պահպանվեր և գործը քննվեր հայկական կողմում: Իրավական համակարգը սահմանափակված է և չի կարող լիարժեք գործել իրավական պարտավորությունների շրջանակում»,-հայտարարեց Սաքունցը` նկատելով, որ հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական գործոններն են թելադրում իրավական գործընթացները:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ կայացվել է իրավական որոշում՝ ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող Պերմյակովի քրեական գործը՝ սպանության մասով, ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:
«Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից», -նշված էր դատախազության հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում`
Ավետիսյանների ողբերգական սպանության գործով դատավճիռը կկայացվի Հայաստանի Հանրապետության անունից. Գլխավոր դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ