Սահմանադրական փոփոխությունների իմաստը իշխանության վերարտադրվելն է. Իրավապաշտպան
«Ես կողմ եմ պառլամենտական կառավարման մոդելին, բայց դա պետք է լինի ներքևից ցանկություն: Ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունների ուժեղ ճնշման արդյունքում պետք է այդ փոփոխությունները լինեն, ինչպես եղել է եվրոպական շատ երկրներում», -այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, դեռևս նման դեպք չկա, որ իշխանությունը իր ցանկությամբ իր լիազորությունները նվազեցնի:
«Ես շատ եմ անհանգստանում, որ սահմանադրական բարեփոխումներ կոչվածով Հայաստանի իշխանությունները կվարկաբեկեն պառլամենտական հանրապետության իմաստը»,- հայտարարեց Իշխանյանը:
Իրավապաշտպանը «վտանգավոր միտում է» համարում այն, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հանդուրժող իշխանությունը Սահմանադրական բարեփոխումներով գնում է դեպի խորհրդարանական կառավարում:
«Դա վարկաբեկելու է պառլամենտական հանրապետության իմաստը», -հավելեց Իշխանյանը:
Սահմանադրական առաջարկվող փոփոխությունների շուրջ հանրային վստահություն չկա և ավելին, հակառակը, մարդիկ վստահ են, որ այս իշխանությունները չեն հրաժարվի իշխանական լծակներից:
«Այս փոփոխությունների իմաստը վերարտադրվելն է, իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանը պահի իր իշխանությունը: Տեսեք` ինչ հետաքրքիր համակարգ է մեր համակարգը. եթե երկու անգամից ավել չես կարող ընտրվել, հանգստի համար ութ տարիների ընթացքում կորցնում ես ամեն ինչ ու սկսում երազել վերադառնալու մասին: Առաջին երկու նախագահների օրինակը վառ է: Եվ հիմա այդ նույն փաստի առաջ կանգնած է Սերժ Սարգսյանը` առաջին երկուսի օրինակն ունենալով և ինքն էլ չուզենալով կորցնել իշխանությունը, փորձում է փոփոխություն անել` ինքն իրեն վերարատադրելու համար: Սա է իրավիճակը», -կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
Իշխանյանի կանխատեսումներով, հանրությունը չի մասնակցելու հանրաքվեին և արդյունքները «հերթական անգամ կեղծվելու են»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ