Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահքի 16-րդ օրն է:
«Այսօրվա ընթերցումը Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի նամակից է, որը խոսում է հավատի և հավատի հերոսների մասին: Սակայն ցանկանում ենք առանձնացնել նամակի հետևյալ հատվածը. «Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն» (11.6): Այս խոսքը հատկապես այն մարդկանց է ուղղված, ովքեր մշտապես իրենցից դուրս տեսանելի նշաններ են փնտրում Աստծու գոյության և իրենց կյանքում Նրա ներկայության, ովքեր դժվարությունների մեջ տրտնջում են, թե մոռացվել են Աստծուց, իսկ սայթաքելիս պատրաստ են դրանում անմիջապես Աստծուն մեղադրել և հերթական անգամ իրենց հոգիներում խաչել Նրան:
Առաքյալը շատ կարևոր մի պարագա է հանձնում մեր ուշադրության. Աստծուն չենք կարող հաճելի լինել, եթե հավատ չունենք կամ տկար ենք դրանում, քանզի Աստծուն կարող ենք զգալ և հպվել, ապրել և վկայել, երբ հավատը իբրև ջուր անոթի մեջ է լցվում ու ամբողջապես լիացնում հոգիդ:
Սբ Պողոսը հուշում է` «ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում», հակառակ պարագային` մարդը կորցնում է իր տկարության համար այնքան անհրաժեշտ շահեկան մեկնակետը: Երկու շաղկապված հասկացություններ են արծարծվում, որոնք մարդուն հաճախ դժվար ըմբռնելի են` Աստծու գոյությունը և վարձատրությունը մեր գործերի համար: Աստվածաշունչը հենց այդ հավատի և նրա պտուղների մասին է առատորեն փաստում: Առաքյալը ևս բազում օրինակներ է վկայակոչում Հին Կտակարանից` նահապետներ, մարգարեներ, ովքեր հավատով ընդունեցին Աստծու վկայությունը: «Հավատի մեջ մեռան սրանք բոլորը և` դեռևս խոստումները չստացած, բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին և խոստովանեցին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա», - նշում է առաքյալը (11.13): Հաճախ մենք մեր վարքի, պատվիրանապահության կամ գործերի համար հատուցումը սպասում ենք հաջորդ իսկ պահին. ողորմություն տալիս նայում ենք մուրացկանի աչքերի մեջ, անօգնականին ձեռք պարզելիս` քայլերը դանդաղեցնում ենք շնորհակալության խոսքը լսելու համար: Եվ ուշացման պարագային սրտնեղում և հոգու խորքում ընդվզում ենք` ընդվզելով հենց Աստծու դեմ, թե ինչու է արձագանքը հապաղում և մեր ջանքերը մնում անհատույց: Մեր հավատի տկարությունն է, որ չենք կարողանում ընկալել, թե ի´նչ է նշանակում առաքյալի ասած մեռնելը` առանց անգամ խոստումները տեսնելու, և երկնքում ստանալով հատուցումը` ինքներս մեզ օտար և պանդուխտ նկատելը երկրի վրա:
Հիշենք մի հանգամանք, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով: Փնտրենք Աստծուն մեր հոգում ու գործերում ու հավատանք Նրան: Գործիք դառնանք Նրա զորավոր ձեռքերում, և երբեք Աստված առանց վարձատրության չի թողնի մեզ` մեր կյանքի այս ճամփորդության մեջ»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին