Ավագ Շաբաթ` Ճրագալույցի Սուրբ Զատիկ… Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի
Այսօր Ավագ Շաբաթ է, Ճրագալույցի Սուրբ Զատիկ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 17:30-ին տեղի է ունենալու ժամերգություն, որին հաջորդելու է սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա 18:00-ին մատուցվելու է Ս. Պատարագ` ավետելով Հիսուսի Հարությունը, որից հետո կատարվելու է Սբ. Հաղորդության նախատոնակ:
Նշենք, որ Ավագ շաբաթը Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը:
Մեծ Պահը սկսվել է փետրվարի 15-ից: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն. Ս. Հարության` Զատիկի տոնը նշվելու է ապրիլի 4-ին:
Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Հայրապետական սուրբ պատարագը մեկնարկելու է 10:30-ին, որի ընթացքում Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի համայն հայ ժողովրդին:
Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Զատիկի սեղանին պետք է լինի կարմիր ներկած ձու. ձվի կեղևը խորհրդանշում է երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը, իսկ հավկիթի կարմիր գույնը Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Սեղանին դրվում է նաև կարմիր գինի, ձուկ, կանաչեղեն և չամիչով փլավ, որտեղ բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, ողջ աշխարհի մարդկությունը, իսկ չամիչները` ընտրյալ քրիստոնյաներին: Ձուկն այն ընդունելի կերակուրն է, որով ավարտվում է Պահքը: Բացի այդ, ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, այն հունարեն կրում է «իխտուս» անունը, որի յուրաքանչյուր տառ իր խորհուրդն ունի` «Հիսուս», «Քրիստոս», «Աստված», «որդի», «փրկիչ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան