Անիի ավերակների տակ թուրք հետազոտողները թունելների հսկայական ցանց են հայտնաբերել
Թուրք հնաբանները վերջերս հրապարակել են հայկական Անի քաղաքի տարածքում պեղումների արդյունքում կատարված որոշ բացահայտումներ: Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման շնորհիվ բացահայտվել են հնագույն քաղաքի տակ փորված թունելների հսկայական ցանցեր:
Կարսի Կովկասյան համալսարանի կողմից կազմակերպված «Անիի ստորգետնյա գաղտնիքները» անվանումով միջազգային սիմպոզիումի ընթացքում հետազոտող Սեզաի Յազիջին հայտարարել է, որ ի թիվս այլ բացահայտումների նրանք հայտնաբերել են գաղտնի ջրանցքներ, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:
«Հեշտությամբ հնարավոր է կորցնել ուղղության զգացումը», - նշել է գիտնականը:
Անի քաղաքի ավերակների տակ հայտնաբերվել են ավելի քան 823 ստորգետնյա շինություններ` 500 մետր ընդհանուր երկարությամբ: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը հանձնել են քարտեզին:
Ըստ Յազիջի` այս բացահայտումները կատարելիս ոգեշնչվել են Գեորգի Գյուրջիևի աշխատություններով, ով 1886թ-ին իր ուղեկցորդ Պողոսյանի հետ այցելել է Անիի ավերակներ և հայտնաբերել է մի քանի անցումներ, կերամիկա, հոգևորականների խցերում որոշ գրվածքներ և այլն: Եվ չնայած Գյուրջիևը սահուն խոսում էր հայերեն, նա չէր կարողացել հասկանալ հայտնաբերված գրությունների վրա գրված բառերը, քանի որ դրանք եղել էին Հին հայերենով` գրաբարով: Հետագայում պարզվել է, որ այդտեղ խոսվում է ինչ-որ հին էզոթերիկ եղբայրության մասին:
Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն:
Լուսանկարներն` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին