Հայաստանում պտուղ-բանջարեղենի մթերման ծավալներն ավելացել են
Այսօրվա դրությամբ Հայաստանում պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 63700 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում` 43200 տոննա բանջարեղեն և 20500 տոննա պտուղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ ամփոփելով պտուղ-բանջարեղենի մթերման արդյունքներն ու արտահանման ցուցանիշները:
Նրա խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ մթերվել է 34 տոկոսով ավելի պտուղ-բանջարեղեն:
Ինչ վերաբերում է խաղողի մթերման ծավալներին, ապա, ըստ փոխնախարարի, ընդհանուր առմամբ, մթերվել է 216.8 տոննա խաղող, ինչը նախորդ տարվա համեմատ 17.8%-ով ավելի է:
Ռ.Մակարյանը նշեց, որ վերջին տարիներին ավելացել են պտուղ-բանջարեղեն, խաղող վերամշակող կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման ծավալները: Ընդհանուր առմամբ՝ կնքվել է 13433 պայմանագիր, ինչը նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի է: «Ինչքան շատ գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր կնքեն վերամշակողների հետ, այնքան մթերման ընթացքում խնդիրներն ավելի քիչ կլինեն»,- ասաց Ռ.Մակարյանը՝ հավելելով, որ պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 110 մլն. դրամ կանխավճար և 450 մլն. դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն:
Անդրադառնալով խաղողի մթերման ժամանակ առաջացած խնդիրներին՝ փոխնախարարն ասաց, որ այդ խնդիրները մթերող ընկերությունները փորձել են լուծել:
«Խաղողի մթերման առաջնային տարողությունները լցված էին և մթերող ընկերությունները չէին հասցնում վերամշակել, անգամ եղել են գործարաններ, որ մեկ կամ երկու օրով դադարեցրել են աշխատանքը, որպեսզի դատարկեն տարողությունները և շարունակեն մթերումները»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ խաղողի բերքն ամբողջությամբ մթերվել է:
Սակայն, ըստ նրա, այսօր առաջնահերթ խնդիրը մնում է մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց վճարումները, քանի որ վերամշակող ընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ:
«Եղել են կազմակերպություններ, որ վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում: Իսկ այն կազմակերպությունները, որոնք նախատեսվածից ավելի մթերեցին կամ ունեին ֆինանսական խնդիրներ, պայմանագրեր են կնքել և սահմանված ժամանակացույցի համաձայն կվճարեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց Ռ.Մակարյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այսօրվա դրությամբ պտուղ-բանջարեղենի մթերումների դիմաց կատարված վճարումները կազմում են 93.5 տոկոս, իսկ խաղողի մթերումների դիմաց վճարումները՝ 62.5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ