ՏՄՊՊՀ-ն Ամանորի նախաշեմին կուժեղացնի վերահսկողությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանձնաժողովն Ամանորին ընդառաջ ապրանքների արհեստական գների աճը կանխելու համար վերահսկում է այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություններ։
«Այն ոլորտներում, որտեղ կան խոշոր ընկերություններ, որպեսզի հակամրցակցային գործողությունների հետևանքով գնային փոփոխություններ չլինեն, այդ ոլորտները մշտապես գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում»- ասաց նա՝ հավելելով, որ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի վերջին, Հանձնաժողովը վերահսկողությունն ավելի կուժեղացնի, ավելի կխստացնի, որպեսզի հակամրցակցային գործողությունների հետևանքով գների անհիմն բարձրացումներ չլինեն։
Միաժամանակ Ա.Շաբոյանն ասաց, որ գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ և հակամրցակցային գործողությունները կարող են դրանցից մեկը լինել։
«Գնային փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ պայմանավորված են տնտեսվարողների հակամրցակցային գործողություններով»,-նկատեց նա:
Այնուամենայնիվ ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ Հանձնաժողովը հետևում ու ուսումնասիրում է այդ ընկերությունների գնային քաղաքականությանը։
«Եթե չարաշահման ազդակներ են լինում, ապա հանձնաժողովը խորացնում է ուսումնասիրությունները։ Մնացած ոլորտներում գնագոյացումը ազատ է և գները որոշվում են առաջարկի ու պահանջարկի ազդեցության ներքո»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին