Արմեն Աշոտյանը պարգևատրվեց ֆրանսիական «Ակադեմիական արմավենիներ» շքանշանով
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև ծավալված է բավականին հագեցած համագործակացություն, հատկապես կրթական և բուհական ոլորտներում»,- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին Ֆրանսիայի «Ակադեմիական արմավենիներ» շքանշանը հանձնելու արարողության ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանի խոսքով, Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում փորձ է արվել ավելի մերձեցնել հայ-ֆրանսիական կրթական համակարգերը:
Ըստ նրա, այս շքանշանով ցանկանում են ըստ արժանվույն գնահատել Ա. Աշոտյանի ունեցած դերակարատությունը ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գրանցած հաջողությունների համար: Ըստ նրա, այս համալսարանի հետ կապված ունեն ծրագրեր, որոնք կքննարկվեն առաջիկայում: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարևորեց նախարարի դերակատարությունը նաև Երևանի թիվ 119 ավագ դպրոցում երկլեզու ուսուցման դասարանների բացման գործում. «Այս կրթօջախն առանց պարոն Աշոտյանի անձնական ջանքերի չէր լինի այնպիսին, ինչպիսին կա այսօր»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախ իր շնորհակալությունը հայտնեց իրեն նման պարգևի արժանացնելու համար, ապա հավելեց, որ անսպաելի էր իր համար, երբ իմացավ, որ այսօրվա երեկոյի ընթացքում հենց իրեն են հանձնելու Ֆրանսիայի կառավարության պետական պարգևը:
«Ֆրանսիայի նկատմամբ յուրաքանչյուր հայ ունի առանձնահատուկ, ընդգծված ջերմություն»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերը չէին կարող շրջանցել կրթության ոլորտը:
Խոսելով համատեղ ծրագրերի, համագործակցության մասին, նախարարը նշեց, որ այդ հարաբերությունները մեծ հեռանկարներ ունեն ապագայում, ցանկանում են Ֆրանսիական համալսարանը դարձնել տարածաշրջանային նշանակության ֆրանկոֆոն կենտրոն՝ ներգրավելով նաև արտասահմանից ուսանողների:
«Հեռանկարները շատ են բուհական, գիտական համագործակցության ասպարեզներում: Այս ամենը պետք է արվեն անկախ նրանից, թե ովքեր են ղեկավարում այս կամ այն գերատեսչությունները, քանի որ մղումը ոչ թե վերևից ներքև է, այլ ժողովուրդների միջև եղած ջերմությունը մենք պարտավոր ենք կոնկրետացնել նախագծերով: Այս պարգևը և պարտավորեցնող է, և հաճելի է գնահատված լինել ոչ այնքան ի պաշտոնե արած աշխատանքի համար, որքան ի սրտե արած աշխատանքի համար: Ընկալում եմ այս գնահատականը նաև որպես մեր երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության փոքրիկ, բայց կարևոր դրսևորումներից մեկը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը
Ֆրանսիական Ակադեմիական արմավենու շքանշանը սահմանվել է Նապոլեոն Առաջինի կողմից: Ակադեմիական արմավենին հանդիսանում է ֆրանսիական ամենահեղինակավոր շքանշաններից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ