Նուրսուլթան Նազարբաևը կոչով դիմել է իր «Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամներին»
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել Թուրքիային և Ռուսաստանին վերսկսել հարաբերությունները և պատժել ՌԴ ինքնաթիռի խոցման մեղավորներին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ Ղազախստանի ղեկավարը հանդես է եկել երկրի ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Ղազախստանի ղեկավարը նաև հանդես է եկել միջադեպի հետաքննման համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարով:
«Ինչքան էլ որ դժվար լինի, կարծում եմ, որ պետք է ստեղծել համատեղ հանձնաժողով, արագ այն (հետաքննությունը) ավարտել, գտնել մեղավորներին, պատժել և ընդունել սխալները, վերականգնել հարաբերությունները: Նման կոչով ես դիմում եմ և Ռուսաստանի և Թուրքիայի մեր բարեկամներին»,- հայտարարել է Նազարբաևը:
Նրա խոսքով, Ղազախստանում շատ անհանգստացած են Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությամբ:
«Դեռևս այս հարցի բոլոր նրբությունները մեզ հայտնի չեն, սակայն փաստն այն է, որ ռուսական ռմբակոծիչը չէր հարձակվում Թուրքիայի վրա, չէր գնում Թուրքիայի ուղղությամբ գնում էր ահաբեկիչների դեմ պատերազմելու: Եվ որպես բարեկամ դաշնակիցներ պետք է գտնեին (կողմերը) ընդհանուր լեզու և չփչացնեին հարաբերությունները, որոնք ձևավորվում էին տարիներ շարունակ»,- շեշտել է Ղազախստանի ղեկավարը:
Նշենք, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ Ղազախստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ