Խնդրում եմ՝ ՀՀԿ-ից բոբո չսարքեք. Է.Շարմազանով
«Այսօր էլ ՀՀԿ-ն, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի քաղաքական ամենահզոր, ամենակայուն, ամենակայացած կուսակցությունն է: Ի տարբերություն շատ կուսակցություների, մենք մեր աչքի գերանը տեսնում ենք: Դա է պատճառը, որ ուզում ենք ավելի վերափոխել, փոփոխություների ենթարկել մեր կառավարման համակագը: Խնդրում եմ ՀՀԿ-ից բոբո չսարքեք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններից հետո 89-րդ հոդվածի ամրագրմամբ ՀՀԿ-ն չի լինելու կայուն և անփոփոխ մեծամասնություն:
«Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն չի լինելու կամ չի ուզում լինել: Ո՞վ է որոշել: Որոշողը Հայաստանի քաղաքացին է: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից: Նման բան չկա, չի կարելի նման բաներ ասել: Մեր երկրում, ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում ցանկացած քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ, եթե գնում է ընտրությունների և ասում է՝ ես չեմ ուզում հաղթել, դա աննորմալ է ու անբարոյական: Եթե դու գնում ես քաղաքական պայքարի և ասում ես՝ ժողովուրդ եկել եմ պարտվելու, ժողովուրդը քեզ ձայն չի տա»,- շարունակեց նա:
Է.Շարմազանովն ընդգծեց, որ 89-րդ հոդվածով հավասար հնարավորություններ է տրված քաղաքական բոլոր ուժերին:
«Մեր երկրին անհրաժեշտ է կայունություն: Այս սահմանադրական փոփոխությունների նպատակը մի քանիսն է՝ կայունության ամրապնդում, անցնցում կառավարում, ինչու ոչ՝ անցնցում իշխանափոխություն, ավելի արդյունավետ կառավարում և անվտանգության բարձր մակարդակ»,- ասաց նա:
Ըստ նրա, 89-րդ հոդվածի համաձայն, եթե ընտրությունների առաջին փուլում քաղաքական ուժերը չեն կարողանում գալ կոմպրոմիսի, ձևավորել կոալիցիա, կարող է լինել երկրորդ փուլ՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար:
«Բոլոր նորմալ երկրներում պետք է կայուն մեծամասնություն, որպեսզի դու կարողանաս իրականացնել ծրագրերը, լուծել խնդիրները: Հակառակ դեպքում կվերածվենք Թուրքիայի, Հունաստանի, որտեղ անընդհատ խորհրդարանական ընտրություններ են լինում: Եթե որոշ մարդկանց պետք է անկայուն, ցնցումներով լի Հայաստան, մենք անկայության, ցնցումների տանելու հայրենիք չունենք»,-ասաց ՀՀԿ փոխխոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ