«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի իրավասությունը չէ կարմիր գծերը մաքրել ձնից. Տնօրեն
Մայրաքաղաքում ձյան հաստ շերտով ավտոմեքենաների կայանաման համար նախատեսված կարմիր գծերի ծածկված լինելը բարկացրել է շատ վարորդների, որոնց համար անհասկանալի է` ինչու են տարեկան վարձ վճարում կարմիր գծերի սպասարկման համար, եթե պետք է դրանք անտեսանելի լինեն վարորդների համար:
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, դիմելով կարմիր գծերը սպասարկող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը, իր էջում գրել է. «Ինձնից տարեկան 12. 000 դրամի դիմաց ես պահանջում եմ առնվազն, որ կարմիր գծերով նշված ավտոկանգառները ձյունից ամբողջությամբ մաքուր լինեն: Եթե հանրային վայրն արդեն քո «սեփականությունն» ա, տեր կանգնիր և այն պատշաճ վիճակում պահիր»:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նկատեց, որ կարմիր գծերով առանձնացված տարածքներն իրենց «սեփականությունը չեն» ու հավելեց.
«Այդ տարածքներից օգտվող վարորդները մեզ չեն վճարում, այլ Երևանի քաղաքապետարանին, մենք ընդամենը, քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն, քաղաքապետարանին ծառայություն ենք մատուցում: Քաղաքացին ընկերությանը ոչ մի լումա չի վճարում, այլ վճարում է տուրք կայանատեղիի համար, որը գնում է քաղաքապետարանի բյուջե: Քաղաքապետարանի հետ պայմանագրի համաձայն, մեր ընկերությունը նման պարտավորություն չի ստանձնել, հետևաբար մեր հասցեին նման հայտարարություններ անելն անտեղի է»:
Հարությունյանը նաև նկատեց, որ մեքենաների կայանատեղիներում կարմիր գծանշումներին այլընտրանք կա:
«Նման դեպքերի համար կան ճանապարհային երթևեկության նշաններ և եթե կարմիր գծերը չեն երևում, վարորդները կարող են առաջնորդվել այդ նշաններով», -ասաց Հարությունյանը: