Որոշվել է հետ կանչել «Ուլիսի» արտոնագիրը
Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում քննության էր դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015-2016 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
2015 թվականի մարտի 13-ին և ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային և ՈՒԵՖԱ-ի արտոնագիր 2015-2016 թթ. մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս» ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել՝ մասնակցելու ՀՀ բարձրագույն խմբի 2015-2016 թթ. մրցաշրջանի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2015-2016 թթ. մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին «Ուլիս» ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014 թ. խմբագրություն) պահանջները։
Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց՝ «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել «Ուլիս» ՖԱ-ի կողմից արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։
Մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, ևս խախտվեց:
Արդյունքում, հիմք ընդունելով 2015 թ. նոյեմբերից 2016 թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015-2016 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։
Միևնույն ժամանակ և համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ