Քաղաքապետարանը տուն կնվիրի զոհված հրամանատարի ընտանիքին ու Լուսիկ Ագուլեցուն
Երևանի քաղաքապետանարի ավագանին առաջիկա երեքշաբթի օրը պատրաստվում է նիստ հրավիրել: Օրակարգում ներառված են մի քանի ընտանիքներին բնակարան նվիրելու հարցեր:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից Panorama.am-ը տեղեկացավ, որ 62.3 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով կնվիրվի Լուսինե Խաչատրյանին, Սեդրակ Աղեկյանին և Տաթև Աղեկյանին։
«Քաղաքացի` Լուսինե Խաչատրյանը և նրա երկու անչափահաս երեխաներ՝ Սեդրակ Աղեկյանը և Տաթև Աղեկյանը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքի անդամները։ Վերջինս, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել է»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Արտակ Աղեկյանի ընտանիքը Երևանում բնակվում են վարձով և գտնվում են սոցիալապես անբարենպաստ պայմաններում: Ընտանիքը հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր։
Մեկ այլ որոշման նախագծից տեղեկանում ենք, որ ավագանու որոշմամբ բնակարան նվեր կստանա նաև տրամադրել գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսյա Սամվելյանը (Լուսիկ Ագուլեցի)` Մուրացանի փողոցի հ.79 հասցեում գտնվող տարածքը որպես թանգարան կազմակերպելու պայմանով:
« Նրա կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Նա իր ողջ գիտակցական կյանքում հավաքագրել է հայոց տոնածիսական մշակույթը։ Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և այնտեղ ցուցադրում է այն ամենը ինչ կապված է հայ ինքնության և մշակույթի հետ՝ հին հայկական արդուզարդ, գորգեր, կարպետներ, կահ-կարասի։ Ագուլեցին իր սեփական միջոցներով ձեռք է բերում թանգարանային ցուցադրման համար հայկական հնաոճ իրեր, նվագարաններ և այլ պարագաներ: Լուսիկ Ագուլեցու շնորհիվ հին հայկական շատ տարազներ են վերականգնվել ու նորից կյանքի կոչվել։ Նա ներկայացնում է հայկական ավանդույթները ու սովորույթները, որոնց պահպանումը ունի բացառիկ նշանակություն»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:
Ագուլեցին իր բազմանդամ ընտանիքով բնակվում է սեփականության իրավունքով իրենց պատկանող Մուրացանի փողոցում գտնվող տուն-թանգարանում, որը հնարավորություն չի տալիս առօրյա կենցաղավարությունը համատեղել թանգարանային գործունեության հետ և թանգարանն օգտագործել իր նպատակային նշանակությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ