Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ. Գ. Մինասյան
Սահմանադրությամբ մի շարք օրենքների փոփոխություններ է նախատեսվում, դրանցից մեկը Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Սահմանադրության 13-րդ գլուխը հստակ արձանագրում է, որ Վերահսկիչ պալատն այսուհետ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները Հաշվեքննիչ պալատի հետ, ապա ըստ էության նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրներն են: Սակայն մի էական փոփոխություն է կատարվել սահմանադրությամբ, որն էապես փոխելու է այսօրվա վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները»,-նկատեց Գագիկ Մինասյանը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատը ավելի անկախ է լինելու, քան Վերահսկիչ պալատը. «Նոր սահմանադրությունը էլ ավելի մեծ անկախություն է տալիս Հաշվեքննիչ պալատին, որն իր գործունեության ծրագիրն ինքնուրույն պետք է հաստատի»:
Գագիկ Մինասյանը նաև նշեց, որ Հաշվեքննիչ պալատի թիկունքնում օրենքն է լինելու, իսկ պալատի թիկունքում Ազգային ժողովն էր:
«Անկախ մարմինը պետք է զերծ մնա քաղաքական բնույթի հայտարարություններից, որպեսզի այս կառույցի նկատմամբ հանրային վստահությունը մեծ լինի: Տարվա ընթացքում պարբերաբար պետք է ներկայացնի իր կողմից հաշվեքննման ենթարկված մարմինների հաշվեքննության արդյունքները, որոնք էլ 10-15 անգամ պետք է քննարկման առարկա դառնան խորհրդարանում»,-նշեց նա:
Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամների թեկնածություններին՝ Մինասյանն ասաց, որ այն կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի քվեարկությունը կիրականացնի Ազգային ժողովը: Անդամների գործունեության ժամկետը կլինի 6 տարով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ