Էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվություն չի փոխանցվում. ԱԱԾ փոխտնօրեն
Այսօր Ազգային ժողովում խորհրդարանի դատին էր ներկայացվել ՀՀ նախագահի ներկայացրած 2013 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Այն ներկայացնելիս Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ռազմական կամ այլ համագործակցության ընթացքում փոխանակվող կամ այդպիսի համագործակցության ընթացքում առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:
Համաձայնագիրը ստորագրվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Հարությունյանի փոխանցմամբ, նման պայմանագիր Հայաստանը կնքել է և եվրոպական երկրների, և ԱՊՀ երկրների հետ: Օրինակ, ստորագրված է համաձայնագիր ՌԴ-ի, Տաջիկստանի, Վրաստանի, Բելառուսի, Սլովակիայի հետ, իսկ նման ըհամաձայնագիր կնքելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում Կիպրոսի, Բուլղարիայի Լեհաստանի և Չեխիայի Հնարապետության հետ:
ԱԺ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հարությունյանից փորձեց հասկանալ՝ ինչպե՞ս է գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում երկրից երկիր՝ առձե՞ռն, թե՞ էլեկտրոնային եղանակով, որքանո՞վ է այդ գաղտնիությունը պահպանվում:
«Էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվություն չի փոխանցվում, մենք ՌԴ-ի հետ ունենք գաղտնագրված նամակագրության կարգ և մենք կարողանում ենք փոխանակել», -ի պատասխան նկատեց ԱԱԾ փոխտնօրենը:
Նրա խոսքով, գաղտնի տեղեկատվությունը Հայաստանում պահպանվում է ՀՀ օրենսդրության համաձայն և նման կարգով առաջնորդվում են նաև մյուս երկրները:
Պատգամավոր Մհեր Շահգելդյանը պնդեց հարցը և հետաքրքրվեց, թե ի՞նչ խողովակներով է փոխանցվում տեղեկատվությունը, Հարությունյանը պատասխանեց, որ եթե օպերատիվության հարց է առաջանում, ապա իրենք օգտագործում են դիվանագիտական խողովակները:
«Այդ իմաստով մինչ այդժմ հրատապության հարցում խնդիրներ չեն առաջացել: Մենք կարողանում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով շատ արագ տեղեկությունները փոխանակել: Ներկայումս ամենահուսալի կապը դիվանագիտական փոստն է, այլ հուսալի կապ չեմ կարողանում մտաբերել», -հավելեց Հարությունյանը: