Փաստաբանական դպրոցի 62 շրջանավարտներ համալրեցին փաստաբանների շարքերը
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներն այսօր միաձայն որոշեցին Փաստաբանական դպրոցի 62 շրջանավարտներին, որոնք հաղթահարել են որակավորման քննությունները, տրամադրել գործունեության արտոնագիր: Դրանից հետո տեղի ունեցավ շրջանավարտների երդմնակալության և արտոնագրերի հանձնման արարողությունը:
«Երդվում եմ` ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»: Այս խոսքերը բարձրաձայն արտասանելուց հետո Փաստաբանական դպրոցի 62 ունկնդիր-շրջանավարտներ դարձան փաստաբան:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով հավակնորդներին՝ նշեց, որ փաստաբանի պարտականությունները չեն ավարտվում միայն վստահորդի հանձնարարությունների բարեխիղճ կատարմամբ, փաստաբանը նաև ունի հատուկ դեր հասարակության մեջ, քանի որ նա հասարակության և արդարադատություն իրականացնող մարմնի միջնորդն է հանդիսանում, իհարկե՝ միջնորդ ոչ կոռուպցիոն իմաստով:
«Փաստաբանն է, որ վստահորդի իրավունքները կարողանում է ներկայացնել արդարադատություն իրականացնող մարմնի առջև: Վստահ եմ, որ մենք բոլորս այսօր ուժեղացանք, քանի որ մեզ միանալով կարողանալու եք նպաստել, որպեսզի արդարադատություն իրականացնող մարմինը առավել արդյունավետ գործի»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ այսօր խոսում են դատական համակարգի անկախ լինել կամ չլինելու մասին, և փաստաբանները կարող են լռել՝ ասելով, թե պետական մարմիններն են այդ ամեն ինչի մեղավորը, սակայն, ըստ Արա Զոհրաբյանի, այդ արատավոր երևույթները վերացնելու հարցում էական է փաստաբանների դերը:
«Փողոցում կռիվ տվող փաստաբանն է փաստաբանության հեղինակությունը բարձրացնում, հենց այդ կռիվների, պայքարների միջոցով է, որ փաստաբանական համայնքը իրավունք է ունենալու իր ձայնը բարձրացնել հասարակության մեջ»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը նշեց նաև, որ պալատն իր առջև դրել է խնդիր՝ յուրաքանչյուր տարի որակի շեմը բարձրացնել, ինչը բխում է բոլորի շահերից: Ելույթի վերջում Արա Զոհրաբյանը շրջանավարտներին մասնագիտական հաջողություններ մաղթեց, ինչպես նաև կոչ արեց հավատարիմ մնալ փաստաբանի կոչմանը՝ հեռու մնալով կոռուպցիոն գործընթացներից:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես ասաց, որ իրենք խնդիր են դրել բարելավել կրթության որակը և փորձելու են ուսման պրոցեսն էլ ավելի կատարելագործել: Այդ քայլերից մեկն էլ այն է, որ Փաստաբանական դպրոցում այս տարվանից արդեն իսկ ներդրվել է հեռավար ուսուցման հարթակը:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց, որ իրենք կերազեին նման դպրոցում սովորել, որտեղ դասավանդում են կայացած, պրոֆեսիոնալ փաստաբաններ: Կարեն Մեժլումյանը նորընծա փաստաբաններին նաև իր խորհուրդները տվեց:
«Այսօր Հայաստանում մոտ 2000 փաստաբան կա, բնականաբար, դժվար է լինելու շուկա մտնել: Դրա համար խորհուրդ կտամ վերցնեք անվճար կամ ցածր վճարվող գործեր, իսկ հաջողության հասնելուց հետո ձեր վստահորդները կավելանան: Հաջողության գրավականներից մեկն էլ այն կլինի, եթե ձեր վստահորդների հետ վեճի չմտնեք, այդ թվում՝ ֆինանսական»:
Նա նաև նշեց, որ փաստաբանության համար եկել է «ոսկե ժամանակաշրջան», քանի որ, ըստ նրա, շաբաթ չի լինում, որ արդարացման դատավճռի մասին չլսեն:
«Նման բան երբեք չի եղել: Այսինքն՝ գալիս է մի ժամանակաշրջան, երբ բանիմաց, փաստաբանական հմտություններին տիրապետող փաստաբանը կայանում է: Այսօր այնպիսի դատավորներ են արդարացման դատավճիռ կայացնում, որ 20 տարվա ընթացքում չեն կայացրել: Այսպիսով, եկել է մեր և ձեր ժամանակը: Փորձեք ձեռք բերած գիտելիքները դնել գործի մեջ, եղեք սրտացավ և արդյունքն ավելի շուտ տեսանելի կլինի»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր