Պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ կա զրո վստահություն. Նաիրա Զոհրաբյան
Ազգայն ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, թե պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու հարցում կա խտրական մոտեցում: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Զոհրաբյանը և հավելեց. «Ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ վստահաբար բոլորը դժգոհ են համակարգից, բայց աշխատանք կորցնելու գնով, միանան այդ համակարգին և այն շարունակի գործել»:
Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե ՀՀ քանի քաղաքացի է կամավոր միացել պարտադիր կուտակային համակարգին:
Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ երբ պարտադիր կուտակային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը Սահմանադրական դատարանում քննարկվում էր, ապա պետհամակարգում պարտադիր բաղադրիչը չհամարվեց Սահմանադրության խախտում ու հավելեց. «Դա որևէ կերպ չի հակասում Սահմանադրությանը և այն դիտարկվում է լրացուցիչ սոցիալական երաշխիքների ներքո»:
Նախարարի փոխանցմամբ, այս տարվա մարտ ամսվա դրությամբ 235 անձ կամավոր, սեփական դիմումի համաձայն միացել կուտակային կենսաթոշակային համակարգին:
«Կարծում եմ, այս թիվը ցույց է տալիս, որ համակարգի նկատմամբ կա զրո վստահություն», -արձագանքեց Զոհրաբյանը: