Ասֆալտապատումն այնպիսի աշխատանք է, որ ուզած, թե չուզած ժամանակավոր անհարմարություններ կլինեն. Արեյան
Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ Կամո Արեյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թյուր է համարում կարծիքը, թե քաղաքապետարանը ասֆալտապատման անվան տակ ամեն տարի հսկայական փող է լվանում:
«Քաղաքապետարանն ամենայն խստությամբ, տեխնիկական հսկողություն է իրականացվում ասֆալտապատման աշխատանքների որակի նկատմամբ»,- հայտարարեց փոխքաղաքապետը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ գիշերային ժամերին չեն կատարվում ասֆալտապատման աշխատանքները, որպեսզի ցերեկային երթևեկությունը չխոչընդոտվի, Կամո Արեյանն ասաց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, և այն քննարկում են ասֆալտապատող ընկերությունների ու Ճանապարհային ոստիկանության հետ։
«Ամեն ինչ անում ենք, որ գիշերային ժամերին կատարենք, որպեսզի չխանգարենք քաղաքային երթևեկությանը։ Ճաքալցման աշխատանքների ժամանակ ևս ասֆալտապատողները պետք է ստիպված լինեն աշխատեն մեքենաների երթի մեջ։ Հակառակ դեպքում պետք է փողոցը փակենք։ Ժամանակավոր անհարմարություններն անխուսափելի են, բայց համամիտ եմ, որ պետք է անենք առավելագույնը՝ դա անել այնպիսի ժամերին, որ չխանգարենք։
Բայց չթաքցնեմ՝ ասֆալտապատումն ու փողոցների բարեկարգումը այնպիսի աշխատանք է, որ ուզած, թե չուզած ժամանակավոր անհարմարություններ կլինեն», -հավելեց քաղաքապետարանի պաշտոնյան։