Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, հայրենադարձությունը՝ աճել. Սփյուռքի նախարար
Բելառուսից մի աղջիկ, Լիբանանից մի երիտասարդ... ու այդպես Հայաստան վերադարձողների ու հաստատվողների թիվն ավելանում է՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պնդումն է։
«Կամաց-կամաց դեպի հայրենիք և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն ակնհայտ է», -այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Հայաստան եկողների թիվը, պաշտոնյայի ներկայացմամբ, ավելանում է, հայրենադարձության ցուցանիշը՝ աճում. «Ռուսաստանի յոթանասուն մարզում և եվրոպական ու ամերիկյան երկրներում այսօր հարյուրավոր երիտասարդներ հերթագրվել են գալ ու գնալ Լեռնային Ղարաբաղ»։
Նախարարը հայտարարեց, թե ճիշտ չէ այն մտայնությունը, թե դրսում հայրենիքի մասին մոռացել են և չեն ուզում գալ Հայաստան։
Երբ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, թե մարդիկ ներքին հայրենասիրական մղումից դրդված են այդպես արձագանքել, Հրանուշ Հակոբյանը ընդհատեց նրան. «Ոչ, սիրելիս, նախարարության 4500 նամակ ընդամենը երկու ժամ հետո հասավ բոլորին ու շատերն սկսեցին արձագանքել»։
«Այսօր ներգաղթ հասկացությունը պարտադիր լինել չի կարող, դա կամավոր է. մարդը գալիս է, աշխատում է, հարմարվում է, նոր է բերում իր ընտանիքին։ Մենք ունենք օրինակ՝ Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» թերթի խմբագիրը, նրա ընտանիքի կեսն արդեն եկել է ու ինքը մտածում է իր խնդիրները կարգավորելուց հետո հաստատվել Հայաստանում։ Ներգաղթը 1945 թվականի ներգաղթը չէ, մարդիկ կամավոր ձևով պետք է գան ու Հայաստան։ Ու տա Աստված, որ մեր Հայաստանը այնքան հրապուրիչ, հմայիչ դառնա, որ գան, հաստատվեն», բացատրեց Հակոբյանը։
Ի՞նչ պետք է անել, որ հրապուրիչ դառնա, հարցին ի պատասխան տիկին նախարարը վկայակոչեց նախագահ Սարգսյանի ելույթը փետրվարի 12-ին, այնուհետև դրան հաջորդած վարչապետի հայտարարությունները՝ մենաշնորհը վերացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին։
«Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահը հայտարարեց անելիքների մասին, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն է բարձրաձայնում հարցադրումները։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լավ աշխատի։ Եթե մարդուն վստահված է որոշակի աշխատանք, ինքը պարտավոր է դա կատարել ազնվությամբ, նվիրումով, հայրենասիրությամբ։ Եվ այն, ինչ ստեղծվում է արդարության հիմքով, արդար ձևով բաշխվի», -հավելեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ